ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Էս ուտելն ու խմելը չլիներ, կարգին կհանգստանայինք

Էս ուտելն ու խմելը չլիներ, կարգին կհանգստանայինք
13.01.2009 | 00:00

ԿԱՐԾՐԱՏԻՊ
Վերջապես կարելի է հանգիստ շունչ քաշել. ամանորյա տոներն ավարտվեցին։ Այս անգամ տոնական օրերն աննախադեպ երկար էին` դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ը (իհարկե, պաշտոնապես)։ Իրականում ձմեռային արձակուրդները տևեցին երկու շաբաթ։ Մեր դիտարկումները հանգստանալու և ուրախանալու ավանդույթներ չունեցող մեր հայրենակիցների շրջանում հետաքրքիր եզրահանգումների առիթ տվեցին։ ՈՒշագրավ արձանագրում. հասարակության մեջ շատերը (եթե չասենք` մեծամասնությունը) դեմ են այսքան երկար հանգստին։ Պարզապես ձանձրանում են, չգիտեն ինչ անել։ Ավելի լավ է աշխատել, քան...
Շատերը դեմ են երկար ամանորյա տոներին` որպես փաստարկ բերելով երկար հանգստից հետո աշխատանքին դժվար հարմարվելու հանգամանքը։ Իսկ երկար հանգստի կողմնակիցները նշում են, որ, վերջապես, տանը մնալու և երեխաների հետ ավելի երկար ժամանակ անցկացնելու հնարավորություն են ունեցել։
Հոգեբանների կարծիքով` երկար հանգստյան օրերն իրենց ազդեցությունն են ունենում մարդկանց թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական վիճակի վրա։ Հանգիստը, իհարկե, լավ բան է, սակայն մեզ պետք է սովորել տոներին գրագետ նախապատրաստվել։ Շատերի մոտ երկարատև պարապությունը հանգեցնում է դեպրեսիայի, քանի որ տոները նշելու ավանդական ձևերին այլընտրանք չեն տեսնում։ Ի վերջո, ինչքա՞ն կարելի է ճաշակել «մայրաքաղաքային» աղցանը` անհամ ու ձանձրացնող հեռուստատեսային հաղորդումների ուղեկցությամբ։ Կամ` ինչքա՞ն կարելի է շարունակել ամանորյա նույն շրջայցը հարևան-բարեկամների տներով։ Երկարատև տոները մեր հասարակության համար ավելի շուտ խնդրահարույց են, քան հանգիստը վայելելու միջոց։ Եվ պատճառը, ըստ մասնագետների, այն է, որ մենք չենք կարողանում ճիշտ հանգստանալ։ Երկարատև չծրագրված հանգիստը տարվա կեսին խախտում է ոչ միայն աշխատանքային ծրագրերը, այլև խափանում է մարդու կենսառիթմը։ Մենք սովոր չենք այդքան երկար հանգստանալու ձմռանը, նշում են մասնագետները։ Անվերջ շնորհավորանքները, բաժակաճառերը հանգեցնում են նրան, որ արդեն հունվարի 3-4-ին սպառվում է ամեն ինչ. այլևս ոչ մի ուժ, ցանկություն և միջոցներ` անվերջ «ուրախանալու» համար։ Ոչ կանոնավոր (երբեմն` հին) սնունդը, ալկոհոլի չարաշահումը, անքնությունը, օրվա ռեժիմի և կենսառիթմի խախտումն ունենում են իրենց հետևանքները` սրվում են քրոնիկական հիվանդությունները։ Փաստ է, որ տոնական օրերին շտապօգնության կանչերն ավելանում են մոտ 30 տոկոսով, ընդ որում, գերիշխում են սրտանոթային և աղեստամոքսային հիվանդությունները։ Հոգեբաններն ու հոգեբույժները խոստովանում են, որ այս երկարատև ամանորյա արձակուրդներին սովորաբար ավելանում է նաև իրենց աշխատանքը։ Չիրականացված հույսերը, մենության զգացումը, ապագայի նկատմամբ անհանգստությունները նպաստում են նյարդային և հոգեկան զանազան խանգարումների աճին։ Եթե հնարավոր է առժամանակ հեռանալ սովորական միջավայրից, ապա կարելի է նոր լիցքեր ու ազդակներ ստանալ, սակայն եթե պատուհանից անընդհատ տեսնում ես նույն բնապատկերը, լսում ընտանեկան նույն զրույցները, դիտում հեռուստատեսային նույն հաղորդումները, ապա տագնապի զգացումներն ավելի ու ավելի են սրվում, մանավանդ, երբ հեռուստաեթերն անվերջ ազդարարում է համաշխարհային ճգնաժամի սպառնալիքների մասին։ Այն, որ մարդիկ հանգստանում են տանը, մասնագետները համարում են շատ լուրջ սոցիալական խնդիր։ Մի կողմից, ո՛չ պետությունը, ո՛չ բիզնեսը չեն տալիս այլ կերպ հանգստանալու հնարավորություն, մյուս կողմից, նույնիսկ հնարավորությունների դեպքում շատերին ճնշում են արմատացած կարծրատիպերը։ Պարզապես ափսոսում են իրենց վրա գումար ծախսել կամ ուղղակի ալարում են տնից դուրս գալ։ Ստացվում է` կա՛մ մարդիկ չգիտեն ինչպես անցկացնել ժամանակը, կա՛մ էլ հնարավորություն չունեն անցկացնելու այնպես, ինչպես ցանկանում են։
Սակայն նոր ժամանակները, այնուամենայնիվ, իրենց կնիքը թողնում են մեր կենսակերպի վրա։ Արդեն մի քանի տարի նորաձև է դարձել տոնական օրերը քաղաքից դուրս նշելու սովորույթը, ասենք, ծաղկաձորյան հանգստյան տներում, որոնք դեռևս նոյեմբերի վերջերից նախապես զբաղեցված են լինում։ Իհարկե, այս հաճույքը ոչ բոլորին է հասանելի, սակայն տարեցտարի ավելի ու ավելի շատ մարդիկ են ձգտում իրենց ամանորյա տոներն ավելի հետաքրքիր դարձնել։ Ի դեպ, ևս մեկ ավանդույթ, որն աստիճանաբար արմատավորվում է հայերիս շրջանում. Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը դառնում են հայերի ամանորյա տոների անցկացման վայրեր։ Դեկտեմբերի սկզբից արդեն անհնար էր ձեռք բերել Դուբայի ինքնաթիռի տոմս։
Մասնագետները խորհուրդ են տալիս փոխել վերաբերմունքը տոների նկատմամբ, կոտրել կարծրատիպերը, սովորել տոներին նախապատրաստվել և մտածել մատչելի հաճույքների մասին։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5497

Մեկնաբանություններ